Twitter-ի բաժնետերերից մեկը դատի է տվել ամերիկացի ձեռներեց եւ աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Իլոն Մասկին, քանի որ վերջինս չի հրապարակել իր մասնաբաժինն ընկերությունում մինչեւ վերջնաժամկետը եւ կարողացել է ավելի ցածր գնով բաժնետոմսեր գնել։

Ապրիլի սկզբին SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտնել էր, որ իրեն պատկանում է Twitter-ի 9.2 տոկոսը, ինչից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացան ավելի քան 20 տոկոսով:

Հայցվոր Մարկ Բեյն Ռասելլան պնդում է, որ Մասկը սկսել է ընկերության բաժնետոմսեր ձեռք բերել հունվարին եւ մինչև ապրիլի 14-ն ուներ բաժնետոմսերի ավելի քան 5 տոկոսը: Համաձայն ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի կանոնների՝ Մասկը պետք է 10 օրվա ընթացքում գործակալությանը տեղեկացներ 5 տոկոսի շեմը գերազանցելու մասին, այսինքն՝ մինչեւ մարտի 24-ը։ Փոխարենը միլիարդատերը շարունակել է արժեթղթեր գնել եւ տվյալներ է տրամադրել միայն ապրիլի 4-ին, երբ արդեն ուներ Twitter-ի բաժնետոմսերի ավելի քան 9 տոկոսը:

«Ներդրողները, ովքեր վաճառել են Twitter-ի իրենց բաժնետոմսերը 2022 թվականի մարտի 24-ից, երբ Մասկը պետք է հայտարարեր իր մասնաբաժնի մասին Twitter-ում, եւ 2022 թվականի ապրիլի 4-ը… բաց են թողել բաժնետոմսերի գնի աճը, քանի որ շուկան արձագանքել է Մասկի գնմանը, եւ տուժել են»,- ասվում է փաստաթղթում: