Իտալական Eni ընկերությունը պայմանագիր է ստորագրել Եգիպտոսում գազի արդյունահանումն ավելացնելու եւ Եվրոպա հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարումներն ավելացնելու մասին, հայտնում է Reuters-ը։
Այս քայլն արվում է այն ժամանակ, երբ Իտալիան եւ Եվրոպան ակտիվացրել են գազի ներկրման այլընտրանքային աղբյուրներ գտնելու ջանքերը՝ ռուսական գազից իրենց կախվածությունը նվազեցնելու համար՝ Ուկրաինայում պատերազմի հետ կապված:
Երկուշաբթի օրը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Ալժիրից գազի ներկրումն ավելացնելու գործարք է կնքել, որպեսզի փոխարինի Ռուսաստանից Իտալիայի ստացած 29 մլրդ խորանարդ մետրի մի մասը:
Eni-ն, որը 2015-ին հայտնաբերել է Եգիպտոսի գերհսկա Zohr գազային հանքավայրը, ասել է, որ Եգիպտոսի բնական գազի հոլդինգային ընկերության (EGAS) հետ պայմանավորվել է գազի արդյունահանումը մեծացնելու եւ առկա ու նոր հանքավայրերում հետախուզումը խթանելու վերաբերյալ:
Eni-ն ասել է, որ համաձայնագիրը կարող է հանգեցնել այս տարի Եվրոպա մինչեւ 3 մլրդ խորանարդ մետր ՀԲԳ-ի առաքման:
Eni-ն, որի ամենամեծ բաժնետերը պետությունն է, փայատեր է ՀԲԳ-ի արտադրության տարեկան ավելի քան 7,5 մլրդ խորանարդ մետր հզորությամբ եգիպտական Damietta-ում:





























