WhatsApp մեսենջերը հայտնել է նոր գործառույթի ներդրման մասին՝ համայնքներում չատերի միավորման համար: Այս մասին նշվում է մեսենջերի կայքում։

«Մեր օգտատերերի բազմաթիվ արձագանքների շնորհիվ մենք տեսանք, որ կարող ենք ավելի հեշտացնել խմբային հաղորդակցությունը: Ահա թե ինչպես մեզ մոտ առաջացավ նոր գործառույթի՝ WhatsApp համայնքների գաղափարը: Գործառույթը թույլ է տալիս օգտատերերին առանձին խմբեր հավաքել մեկ հարկի տակ եւ ավելի արդյունավետ կառավարել դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այդպես, նորամուծությունը թարմացումների ստացում է ենթադրում, որոնք ուղարկվում են ամբողջ համայնքին, ինչպես նաեւ՝ խմբերում քննարկումներին հետեւելու հնարավորություն: «Ադմինները նաեւ ավելի շատ հնարավորություններ կունենան համայնքներում: Նրանք կկարողանան հայտարարություններ ուղարկել բոլորին եւ որոշել, թե որ խմբերն ավելացնել համայնքներում»,- պարզաբանվում է մեսենջերի կայքում։

WhatsApp-ում կարծում են, որ համայնքների օգնությամբ, օրինակ, տնօրենի համար ավելի հեշտ կլինի համախմբել դպրոցի բոլոր ծնողներին՝ նրանց հետ կարեւոր նորություններով կիսվելու համար, ինչպես նաեւ՝ «անհատական ​​պարապմունքներին, արտադասարանական գործունեությանը կամ դպրոցում կամավորական աշխատանքին նվիրված» խմբեր ստեղծել։