Վրաստանի ֆինանսների նախարարությունը երկրորդ փորձից չի կարողացել աճուրդում վաճառել խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ «Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի՝ Ցխնեթիում գտնվող առանձնատունը։ Այս անգամ այն փորձել են վաճառել կես գնով՝ 6 մլն լարի։ Այս անգամ եւս, սակայն, գնման հայտ ոչ ոք չի ներկայացրել։

Առաջին աճուրդը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, բայց ոչ ոք 12 մլն գնահատված առանձնատունը չի համարձակվել գնել։ Հարկային ծառայության կողմից բռնագրավված առանձնատունը վաճառելու որոշում օգոստոսի 27-ին կայացրել էր Թբիլիսիի քաղաքային դատարանը։ Մինչ այդ դատարանը ստիպել է Բուրջանաձեին՝ պետությանը 1,25 մլն լարի հարկ վճարել։ Այս առանձնատունը խորհրդանշական մեկ լարիի դիմաց նրան տվել էր նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Սակայն, ավելի ուշ առանձնատնով սկսել էին հետաքրքրվել ֆինանսական վերահսկողության մարմինները, դատ էր տեղի ունեցել, որի ընթացքում որոշվել էր առանձնատան գինը սահմանել՝ 12 մլն լարի, մոտ 7 մլն դոլար։

Բուրջնաձեն այդ գինը «ուռճացված» էր համարել եւ չէր վճարել հարկը։ Այդ առիթով հարկային ծառայությունը օգոստոսի 24-ին կալանք էր դրել նրա առանձնատան վրա, իսկ օգոստոսի 27-ին որոշում ընդունել այն վաճառքի հանելու մասին։

Երեկ Բուրջանաձեի ընտանիքն առանձնատնից տարել է իր ունեցվածքը։ Ինչպես լրագրողներին այսօր հայտնել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Իրակլի Գվալաձեն, առանձնատունն այժմ պետության սեփականությունն է։ Նա չի բացառել եւս մի աճուրդի կազմակերպումը, որտեղ առանձնատան գինը կկազմի 3 մլն լարի, հայտնում է «Կավկազ-Պրեսսը»։