Վայոց Ձորի մարզում հուլիսի 2-27-ին Հերմոն գյուղում գտնվող «Լյուսի» ճամբար-համալիրում անցկացվել է Սյունիք ԲՀԿ-ի հերթական ամենամյա միջկովկասյան աշակերտական ամառային ճամբարը:
Ճամբարին մասնակցել են հայ, վրացի եւ Հայաստանում ու Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների 12-16 տարեկան երեխաներ: Ճամբարը ֆինանսավորվել էր HEKS-EPER շվեցարական կազմակերպության կողմից: Ճամբարի նպատակն էր ստեղծել միջկովկասյան խաղաղ միջավայր հայ եւ վրացի, ինչպես նաեւ Հայաստանում ու Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների երեխաների միջեւ: Երեխաները ճամբարի ընթացքում մասնակցել են տարբեր խմբակների (լրագրողության, բնապահպանական, լեզուների եւ այլն) եւ ձեռք են բերել համապատասխան գիտելիքներ ու հմտություններ:
Հուլիսի 27-ին տեղի է ունեցել ճամբարի հանդիսավոր փակումը, որին ներկա էին մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Եպս. Մկրտչյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Պրն.Հանս Յոհեն Շմիթը, ռուսական դեսպանատան ներկայացուցիչներ, Հայաստանում ասորական համայնքի ղեկավար Գասպարյան Իրինա Սակրատովան, ինչպես նաեւ ծրագիրը ֆինանսավորող կազմակերպության ներկայացուցիչներ Սիլվիա Ֆրեյը, Նանա Թոպուրիձեն եւ Թամարա Կանդելակին: Հյուրերն, արտահայտելով իրենց հիացմունքը երեխաների կողմից պատրաստված հրաժեշտի երեկոյի մասին, նշել են, որ նման ճամբարը կամուրջ է երեխաների հետագա համագործակցության համար, ինչպես նաեւ հնարավորություն է շփվելու եւ ծանոթանալու միմյանց մշակույթին:




























