Վրաստանի արեւմուտքում գտնվող Սենակի-Փոթի երկաթուղու այսօր պայթեցված հատվածը նախատեսվում է լիովին վերականգնել երկու օրվա ընթացքում։ Այս մասին հայտնել է GeorgiaTimes թերթը։ Աղբյուրը հիշեցնում է, որ անցած գիշեր Սենակիի շրջանում անհայտ անձինք պայթեցրել են մազութով բեռնված շարժակազմը, ինչի հետեւանքով 12 վագոններ դուրս են եկել գծերից։

Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսի-Փոթի երկաթգծի Սամեգրելո-Զեմո-Սվանեթի տարածաշրջանի Սենակիի շրջանի Տեկլատի գյուղի մոտ, Երեւանի ժամանակով ժամը 2։00-ին։ Պայթյունի ալիքը կոտրել է մոտակա տների ապակիները, վագոններից թափվել է մազութը։ Ըստ նախնական տվյալների, որպես պայթուցիկ օգտագործվել է տրոտիլ։

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, սա վերջին 5 ամիսների ընթացքում Սամեգրելոյում տեղի ունեցած արդեն հինգերորդ պայթյունն է։