Չի բացառվում, որ Վրաստանի նախագահն անզգուշաբար է արտահայտվել` ասելով, որ Վրաստանի կամ Ադրբեջանի ցանկացած ընդդիմախոս ընդհանուր թշնամի է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Խաղաղության եւ ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի տնօրեն Գիա Նոդիան: Նրա խոսքով, վրացական իշխանությունների քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, միտված է պահպանելու հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում:

«Դա, հավանաբար, այնքան էլ մտածված հայտարարություն չէր, բայց քաղաքական կուրսը միտված է երկու հարեւանների հետ լավ հարաբերությունների պահպանմանը»,- համոզմունք է հայտնել փորձագետը:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք նման «անզգույշ» արտահայտություններն ապագայում ազդեն Երեւանի եւ Թբիլիսիի դիվանագիտական հարաբերությունների վրա, Նոդիան ասել է, որ չի կարող երաշխավորել ապագայի համար, բայց այսօր նման բան լինել չի կարող:

Նշենք, որ «The Business Year» - «The Business Year - Azerbaijan 2011» ամսագրում Ադրբեջանի անկախության 20-ամյակի կապակցությամբ գրած իր մեկնաբանության մեջ Միխայիլ Սահակաշվիլին բառացիորեն գրել էր. «Վրաստանն ու Ադրբեջանը պետք է  պաշտպանեն միմյանց` հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու ընդհանուր պատմությունը: Մենք ընդհանուր հայացքներ եւ շատ ամուր կապեր  ունենք: Մեր երկու պետությունները  լուրջ խնդիրներ ունեն չլուծված հակամարտությունենրի հետ կապված, եւ Ադրբեջանի ու Վրաստանի ցանկացած ընդդիմախոս մեր երկու պետությունների թշնամին է: Մեր ուժը մեր միասնության մեջ է, եւ դա պարզապես խոսք չէ, այլ իրականություն»: