Պատժամիջոցների հետ կապված խառնաշփոթի պատճառով այս շաբաթ Հունաստանի կողմից կալանավորված ռուսական լցանավը, որը, ըստ տեղեկությունների, իրանական նավթ էր տեղափոխում, ազատ կարձակվի:
«Ափամերձ պահպանությունը նավն ազատ արձակելու հրաման է ստացել փողերի լվացման դեմ պայքարի մարմիններից»,- ասել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը՝ մանրամասներ չհայտնելով, հայտնում է Reuters-ը։
Երեքշաբթի օրը Հունաստանի իշխանությունները Էվիա կղզու հարավային ափերի մոտ առգրավել են ռուսական դրոշի ներքո նավարկող Pegas-ը` անձնակազմի 19 ռուս անդամներով: Նրանք ասել են, որ նավն առգրավվել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանակներում:
Այս ամսվա սկզբին ԵՄ-ն արգելել էր ռուսական դրոշով նավերի մուտքը իր նավահանգիստներ՝ որոշ բացառություններով:
Pegas լցանավը եղել է այն հինգ նավերի թվում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել 2022թ․ փետրվարի 22-ին, որպես «Պրոմսվյազբանկ»-ի դեմ ավելի լայն պատժամիջոցների մաս, մի բանկ, որը Վաշինգտոնը որակել է որպես ծայրահեղ կարեւոր Ռուսաստանի պաշտպանական հատվածի համար:
«Պրոմսվյազբանկը» հայտնել է, որ ինքը եւ իր PSB Lising ստորաբաժանումը լցանավի սեփականատեր չեն հանդիսանում, քանի որ այն 2021թ․ ապրիլին գնվել է ուրիշի կողմից։
«Պրոմսվյազբանկը» չի նշել նոր սեփականատիրոջ անունը։ PSB Leasing-ը հայտնել է, որ սեփականատերը «ՏրանսՄորՖլոտն»-ն է:
Գործին մոտ կանգնած հունական աղբյուրները հայտնել են, որ ստուգումներից հետո Pegas-ի հետագա ձերբակալման համար իրավական հիմք չեն գտել, քանի որ նավի սեփականատերը վերջերս փոխվել է, եւ նոր սեփականատերը չի եղել ԵՄ պատժամիջոցների ցանկում:





























