Գործող կառավարության նոր օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղղված է հրաձգային զենք ձեռք բերելու ընթացակարգի պարզեցմանը, աչքերին հերթական թոզ փչելն է, որը, այնուամենայնիվ, որոշակի մտահոգություն է առաջացնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։ Նախկին ուժայինը հիշեցրեց, որ նախկինում հրաձգային զենք գնել ցանկացողների համար պահանջները շատ ավելի խիստ էին։ Այժմ հայտարարում են սահմանամերձ համայնքների բնակիչներին հնարավորինս արագ զինելու անհրաժեշտության մասին։ «Սակայն հերթական թոզն են փչում աչքերին։

Նրանք դա իբր անում են, որ սահմանամերձ համայնքներում ապրող քաղաքացիները պարզեցված համակարգով զենք ձեռք բերելու հնարավորություն ստանան։ Բայց սահմանամերձ համայնքներում այս տեսակի զենքեր պարզապես հնարավոր չէ ձեռք բերել։ Դրանք բավականին թանկարժեք են։ Նրանց պետք է հանապազօրյա հացի հարցեր լուծել։ Իրականում նրանք միայն մեկ նպատակ են հետապնդում՝ որ դուրս հորդի մարդկանց մեջ միմյանց նկատմամբ կուտակված զայրույթն ու ատելությունը։ Բայց այս անգամ կկռվեն ոչ թե բռունցքներով, այլ զենքով»,- պարզաբանեց Պետրոսյանը։

Միաժամանակ նա առիթը բաց չթողեց մատնանշելու ներկայիս կառավարության ձախողումները։ Արդարադատության գեներալ-մայորը, մասնավորապես, հիշեցրեց երկրի փաստացի ապառազմականացումը, որը, նրա կարծիքով, իրականացվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Պատվերը, ինչպես կարծում է Պետրոսյանը, անմիջապես Բաքվից ու Անկարայից է իջեցվել։

«Տեսեք, թե ինչ է կատարվում մեր բանակում։ Մենք այնտեղ, ըստ էության, նույնիսկ զենք էլ չունենք, բայց հանկարծ որոշել ենք շարքային քաղաքացիներին զինել՝ հրաձգային զենք ձեռք բերել հրետանային զենք։ Որ ի՞նչ։ Որ մարդիկ սկսեն իրար վրա՞ կրակել։ Մի՞թե Հայաստանին այդ քանակի զենք է պետք։ Իհարկե՝ ոչ։ Դրա անհրաժեշտությունը չկա։ Թող ոստիկանությունը պարզապես կատարի իր անմիջական պարտականությունները»,- ասաց Քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետը։