Մինչեւ վերջերս համարվում էր, որ փետուրները «հորինել են» դինոզավրերը, որոնք հետագայում սկիզբ են դրել թռչուններին: Դրանք փոքրիկ գիշատիչ դինոզավրեր են եղել եւ, ամենայն հավանականությամբ, փետուրները նրանց տաքանալու համար են պետք եղել, կամ զուգավորման ծեսերի համար, իսկ հետո էվոլյուցիայի ընթացքում պարզվել է, որ փետուրները օգնել են հենվել օդին, եթե ուզեցել ես գետնից ծառի ճյուղի վրա կամ ծառից ծառ ցատկել, գրում է Science and Life-ը։

Բայց դինոզավրերի կողքին ապրել են նաեւ պտերոզավրերը։ Սխալ է նրանց թռչող դինոզավրեր անվանել, սա հնագույն սողունների մեկ այլ խումբ է, որը դինոզավրերի հետ բավականին հեռավոր ազգակցությամբ է կապված:

2018 թվականին Բրիստոլի համալսարանի, Նանկինի համալսարանի աշխատակիցները Չինաստանի, Իռլանդիայի եւ ԱՄՆ-ի այլ գիտական կենտրոնների գործընկերների հետ համատեղ հոդված են հրապարակել Nature Ecology & Evolution ամսագրում՝ նկարագրելով պտերոզավրերի փետուրները: Պարզվել է, որ պտերոզավրերի որոշ մնացորդների վրա ոչ միայն թելեր են մնացել, այլ ճյուղավորված թելեր, ինչպես փետուրներն են:

Եվ հենց օրերս Nature-ը հրապարակել է մի հոդված, որտեղ մասամբ նույն հեղինակները նկարագրում են Tupandactylus imperator պտերոզավրի փետուրները՝ նրա թեւերի բացվածքը հասել է հինգ մետրի, իսկ գլուխը զարդարված է եղել մեծ սանրով։ Հետազոտողների ձեռքում է հայտնվել ր Tupandactylus imperator-ի 113 միլիոն տարվա հնության չափազանց լավ պահպանված գանգը, որի գագաթին պահպանվել են փետրանման թելեր՝ ինչպես ճյուղավորված, այնպես էլ առանց ճյուղավորումների։ Երկուսն էլ ուսումնասիրվել են սքանավորող էլեկտրոնային մանրադիտակի միջոցով, որը եւս մեկ անգամ ցույց է տվել, որ մազանման թելերն իսկապես նման են փետուրների:

Չի կարելի ասել, որ այս նոր տվյալները լիովին փարատել են թերահավատ վերաբերմունքը պտերոզավրի փետուրների վերաբերյալ։ Ավելի համոզիչ լինելու համար անհրաժեշտ են ավելի շատ մոլեկուլային քիմիական ուսումնասիրություններ: Բայց եթե ճյուղավորումներով թելերը ճանաչվեն որպես փետուրներ, ապա էվոլյուցիայի մեջ փետուրների առաջացումը կտեղափոխվի Տրիասյան շրջան, երբ երկրի վրա ապրել է դինոզավրերի եւ պտերոզավրերի ընդհանուր նախահայրը: