Twitter-ի խորհուրդն ընդունել է սոցցանցը գնելու միլիարդատեր Իլոն Մասկի առաջարկը։ Գործարքի արժեքը կազմում է մոտ 44 միլիարդ դոլար, հայտնել է ընկերությունը:

Twitter, inc.-ը հայտարարել է Իլոն Մասկի կողմից մեկ բաժնետոմսի դիմաց 54,20 դոլարով՝ մոտավորապես 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքով ընկերությունը ձեռք բերելու վերջնական համաձայնագրի կնքման մասին: Գործարքի ավարտից հետո Twitter-ը կդառնա մասնավոր ընկերություն»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Ըստ համաձայնագրի պայմանների՝ առաջարկվող գործարքը փակելուց հետո Twitter-ի բաժնետերերը 54,20 դոլար կանխիկ գումար կստանան Twitter-ի յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի համար, որն իրենց է պատկանում: Գնման գինը ներկայացնում է նաեւ Twitter-ի բաժնետոմսերի գնի 38 տոկոս պարգեւատրում 2022 թվականի ապրիլի 1-ին սակարկումների փակման ժամանակ, որը վերջին առեւտրային օրն էր այն բանից առաջ, երբ Մասկը հայտարարեց Twitter-ում իր 9 տոկոս բաժնետոմսերի մասին:

Twitter-ի տնօրենների խորհրդի անկախ նախագահ Բրեթ Թեյլորն ասել է, որ Twitter-ի տնօրենների խորհուրդը Իլոն Մասկի առաջարկը գնահատելու մտածված եւ համապարփակ գործընթաց է ձեռնարկել՝ հատուկ ուշադրություն դարձնելով արժեքի, արժանահավատության եւ ֆինանսավորման վրա: «Առաջարկվող գործարքը կբերի զգալի դրամական պարգեւ, եւ մենք կարծում ենք, որ սա լավագույն ուղին է Twitter-ի բաժնետերերի համար»:

«Ազատ խոսքը գործուն ժողովրդավարության հիմքն է, իսկ Twitter-ը թվային քաղաքային հարթակ է, որտեղ քննարկվում են մարդկության ապագայի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր»,- ասել է Մասկը: «Ես նաեւ ցանկանում եմ Twitter-ն ավելի լավը դարձնել, քան երբեւէ՝ արտադրանքին ավելացնելով նոր հնարավորություններ, բաց դարձնելով ալգորիթմները՝ վստահությունը մեծացնելու, սպամ-բոթերը ջախջախելու եւ բոլոր մարդկանց լսելի դարձնելու համար: Twitter-ը մեծ պոտենցիալ ունի, եւ ես անհամբեր սպասում եմ ընկերության ու օգտատերերի համայնքի հետ աշխատելուն՝ դա բացահայտելու համար»:

Գործարքը աշխարհի ամենահարուստ մարդուն աշխարհի ամենաազդեցիկ սոցիալական ցանցերից մեկի ղեկավարը կդարձնի, նշում է CNN-ը։