Վիշտը միայն որդեկորույս ծնողներինը չէ. երբ մենք հացադուլի մեջ էինք, ծնողները եկել էին ու մեր կողքը նստել, ասում էին, որ դուք մեր տղերքն եք։ Այս մասին նշել է հայտնեց 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը, որն օրեր առաջ Ազատության հրապարակում զինակից ընկերոջ՝ Արթուր Ավագյանի հետ հացադուլ էին հայտարարել, իսկ մի քանի օր անց դադարեցրել։
«Հիմա էլ ես եմ ասում՝ դուք մեր ծնողներն եք։ Այսպես պետք է մտածեն երիտասարդները, բոլորը։ Նրանց զավակները շատ կարճ ապրեցին, դա մի ամբողջ ապրած կյանք արժե։ Մենք պարտական ենք այս տղերքին, մենք ոչ մի բանով լավը չէինք, որ հիմա ողջ ենք»,- ասաց Նվեր Կիրակոսյանը։
Նա դիմեց մարդկանց՝ ասելով, որ իրենց աջակցությունը, զորակցությունը հայտնեն ծնողներին, քանի որ դա է նրանց ուժ տալու։
44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրն էլ՝ Զավեն Մկրտչյանը նշեց, որ իրենք Ազնավուրի հրապարակում են, քանի որ մտահոգ են երկրի ապագայով, իրենց մյուս զավակների ապագայով։
«Մենք արդարություն ենք պահանջում։ Մենք կորցրել ենք մեր որդիներին, հիմա պետք է մտածենք մեր մյուս զավակների մասին, որ նույն ճակատագրին չարժանանան։ Սա առաջին հերթին կանխարգելիչ քայլ է, այն չի հետապնդում ոչ մի քաղաքական, կուսակցական նպատակ։ Եթե մեկը կփորձի նման երանգ հաղորդել այս հավաքին, ապա նա միտումնավոր ուզում է ցրել այս գաղափարը»,- ասաց Զավեն Մկրտչյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 26-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Ակցիայից հետո նրանք երթով շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։ Հարազատները կրում են իրենց անմահացած որդիների, եղբայրերի, ամուսինների լուսանկարներով շապիկներ, կամ ձեռքներին կան նրանց լուսանկարները։ Նրանք կառավարության մոտ հասնելով արյունոտ ձեռքերով շապիկներ են դրել կառավարության աստիճանների վրա:





























