«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը կրկին հետաձգվել է:
Մինչ այդ, դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժել է պաշտպանների միջնորդությունը, որով նրանք ինքնաբացարկ էին հայտնել մեղադրող Կորյուն Փիլոյանին:
Պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը նաեւ միջնորդել են կարճել Փաշինյանի դեմ հարուցված քր.գործը, որը, ըստ նրանց, անհիմն է եւ ենթակա է կարճման: Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը թողել է առանց քննարկման: Այնուհետ պաշտպանական կողմը դատարանից 10 րոպե է խնդրել՝ Փաշինյանի հետ խորհրդակցելու եւ հետագա մարտավարությունը ճշտելու համար: Մարտիրոսյանը ընդմիջում է հայտարարել, սակայն պաշտպաններին թույլ չի տվել խոսել Նիկոլ Փաշինյանի հետ:
Պաշտպանների բողոքից հետո դատավորը դատական նիստը հետաձգել է մինչեւ վաղը՝ ժամը 12-ը:
Այս պահին Շենգավիթի դատարանի մոտ մեծ թվով մարդիկ են հավաքվել, որոնք վանկարկում են «Ազատություն Նիկոլին», «Հիմա» եւ այլ կարգախոսներ: Նրանք նաեւ սպասում են, թե երբ է ուղեկցող ջոկատը դատարանից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխելու Նիկոլ Փաշինյանին:




























