Կապույտ եւ սպիտակ վանդակավոր զգեստը, որով հոլիվուդյան երիտասարդ աստղ Ջուդի Գառլենդը 1939 թվականին նկարահանված «Օզ երկրի կախարդը» ֆիլմում խաղացել է Դորոթիի դերում, աճուրդի կհանվի, հաղորդում է PA MEDIA-ն:

Զգեստը, որով Գառլենդը նկարահանվել է ֆիլմում, տասնամյակներ շարունակ կորած էր համարվում Ամերիկայի Կաթոլիկ համալսարանում, որտեղ այն 1970-ականների սկզբին տրվել էր դրամատիկական ֆակուլտետի աշխատակիցներից մեկին:

Սակայն անցյալ տարի գրասենյակը կարգի բերելու ժամանակ զգեստը հայտնաբերվել էր կոշիկի հին տուփի մեջ, եւ այժմ այն ուղարկվել է աճուրդի տուն:

Զգեստը այս շաբաթ կցուցադրվի Bonhams աճուրդային տան նյույորքյան գրասենյակում, որից հետո կուղարկվի Կալիֆոռնիա՝ հանրային ցուցադրման եւ այնուհետեւ աճուրդի համար:

Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ Գառլենդը զգեստը կրել է ֆիլմի այն տեսարանում, որտեղ նա դղյակում բախվում է չար կախարդին։

Նկարահանումների ժամանակ Գառլենդի համար մի քանի զգեստ է կարվել։

Հայտնի է, որ գոյություն է ունեցել չորս զգեստ, եւ միայն երկուսը, ներառյալ Կաթոլիկ համալսարանում հայտնաբերվածը, պահպանվել են բլուզով, որը նա կրել է տակից:

Bonhams-ը բլուզով երկրորդ զգեստը վաճառել է 2015 թվականին կայացած աճուրդում՝ ավելի քան 1,5 միլիոն դոլարով։

Պահպանվել են նաեւ Գառլենդի մի քանի զույգ կարմիր կոշիկներ, մի զույգը գտնվում է Սմիթսոնովյան ինստիտուտի հավաքածուում:

Դպրոցը որոշել է այն պահելու փոխարեն աճուրդի հանել, եւ վաճառքից ստացված հասույթը նախատեսում է օգտագործել դրամատիկական ֆակուլտետում լիարժեք կինոծրագիր ստեղծելու համար։