Այսօր ականատես եղանք, թե ինչպես են ընդդիմադիրներին պատկանող լրագրողներ սպառնում ոստիկաններին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Տեսանք, թե ինչպես են ակցիայի մասնակիցները շշեր նետում ոստիկանների ուղությամբ և ընդհուպ հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցնում, հրում ու փորձում հարվածել։
Տեսանք նաև, որ ոչ մեկ անգամ արդեն ակցիայի մասնակիցները հայհոյում և սպառնում են այլ կարծիք արտահայտող անցորդներին։
Ակնհայտ է, որ ակցիայի մասնակիցները հետապնդում են իրավիճակը սադրելու և բախումներ հրահրելու նպատակ։
Հարկ է արձանագրել, սակայն, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը պատվով կատարում է հասարակական կարգը պահպանելու իր առջև դրված պարտականությունները և գործում է համաչափ և ժողովրդավարական պետության ոգուն համահունչ։
Որևէ մեկին չի հաջողվելու կասկածի տակ դնել ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը մեր երկրում»:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 2-ին, անհնազանդության ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ եւս բռնություններ են կիրառվել: Մասնավորապես, Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում mediahub.am-ի և այլ լրագրողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառել Պետական պահպանության ծառայության՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ հարվածելով իրեն հարց ուղղող լրագրողին և նրան նկարահանող օպերատորին, այդ թվում՝ վնաս պատճառելով վերջինիս տեսախցիկին։
Քաղաքացիների հետ մեկ այլ բախման ընթացքում գիտակցությունը կորցրել և ուշագնաց է եղել Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը: Նրան օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Հերացի փողոցի վրա սև դիմակավորները հրել ու հարվածել են AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ուսին, խոչընդոտել նկարահանումը։ Խանջյան փողոցում ոստիկանները հրմշտել ու խոչընդոտել են նկարահանման աշխատանքը։
Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում քաշքշել են AntiFake.am-ի լրագրող Իշխան Խոսրովյանին, խոչընդոտել նկարահանումներին։




























