Պոլիտեխնիկի մի խումբ ուսանողներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության բողոքի ակցիային։ Նրանք փակել են  բուհի դիմացի՝ Տերյան փողոցի հատվածը։ Միաժամանակ հնչում է «Հայեր միացեք» երգը։

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:

Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։