Արցախն է, ըստ էության, Հայաստանի երաշխավորը, բայց ցավոք հակահայաստանյան քարոզչությունը 1991-92 թվականներից և հատկապես 1998-ին իշխանություն կորցնելուց հետո շատ ակտիվ մարդկանց մեջ ներարկում էր, որ Արցախի պատճառով ենք վատ ապրում, այս մասին Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
«Սխալ կլինի ասել, թե իրենք այն ժամանակ կարողացել էին ժողովրդի մեծ մասին դրանում համոզել, բայց առնվազն 25 տոկոսի ենթագիտակցության մեջ դա այս կամ այն կերպ նստած է, անգամ եթե իրենք դա չեն էլ արտահայտում։ Բայց եղածը եղած է։ Այս իրավիճակում այն, ինչ պետք է արվի ճիշտ քաղաքականության տեսանկյունից, իշխանության փոփոխությունից հետո առնվազն եղած իրավիճակը կոնսերվացնելն է»,– ասել է նա։
Քաղաքագետը հիշեցրել է, որ 2020 թվականին Հայաստանի տեղեկատվական դաշտը հեղեղված էր Խծաբերդի թեմայով, այսինքն՝ այդ ժամանակ հայ–ադրբեջանական սահմանագիծը թե՛ մարդկանց մտքում, թե՛ աշխարհագրորեն անցնում էր Խծաբերդով։
«Հետո դե ֆակտո իշխանությունները գործով և խոսքով հրաժարվեցին Արցախից, և շատ արագ՝ արդեն 2021-ի մայիսի 12-ին, պատերազմը տեղափոխվեց Սյունիք, հետո Գեղարքունիք, դեռ չի տեղափոխվել, բուն կրակոցներով, բայց դրված են Խորհրդային տարիների տավուշյան և արարատյան անկլավների հարցերը»,– ասաց նա։
Ըստ քաղաքագետի՝ մենք պետք է հասկանանք և քարոզենք, որ Արցախը աշխարհագրորեն այլևս չի կարող ՀՀ երաշխավորը լինել, քանի որ աշխարհագրական ընդհանուր սահմանը նվազագույնի է հասել, բայց այնքանով, որ Արցախը հայաբնակ է, ապրում է և իր վրա է շարունակում բևեռված պահել ադրբեջանական ստորաբաժանումների ուշադրությունը, դա նշանակում է, որ վտանգը Հայաստանի համար մի փոքր հեռացվում է։
«Բնականաբար մենք էլ պետք է տեր կանգնենք Արցախին, ոչ թե ուղղակի, որ դա Արցախն է, այլ, որ այն ամենաարևելյան, ամենահեռու գիծն է։ Եթե մենք դա հանձնում ենք, ապա առաջին գիծ է դառնում Սյունիքը և այդպես շարունակ։ Սա է ամենակարևորը, որ պետք է մարդկանց բացատրվի»,– ասել է նա՝ հավելելով, որ իշխանափոխությունից հետո նոր իշխանություններ գլխավոր խնդիրը լինելու է ամրագրել եղածը, չվնասել առկա իրադրությանը, որպեսզի չունենանք Փախուռի, Ներքին Հանդի դեպքերի կրկնություն։
«Իսկ դա Հայաստանի սեփական ուժերով, գործող դաշնակցի աջակցությամբ լրիվ իրատեսական է։ Սա ինչո՞ւ եմ շեշտում, որ այս իշխանությունների միակ հաղթաթուղթը մարդկանց, որոնք բնականորեն հետպատերազմյան սթրեսի մեջ են, վախեցնելն է, որ սրանք գալիս են նոր պատերազմի համար, պետք է ուղղակի կարճ բացատրել, որ ոչ»,– ասել է նա՝ հավելելով, որ նոր իշխանություններին ոչ մի պարագայում պատերազմ հարկավոր չէ, քանզի այն խնդիր է ունենալու ամրապնդելու իր դիրքերը։





























