Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտաhերթ նիստի ժամանակ համաներում իրականացնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը ստացել է պատգամավորների ձայների մեծամասնությունը: Համաներմանը կողմ էին 98 պատգամավոր, դեմ քվեարկել է 1 պատգամավոր, 3-ը ` ձեռնպահ էին: Ինչպես հայտնել է ՀՀ նախագահի ներկայացուցիչ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը համաներումը նաև տարածվում է մարտիմեկյան իրադարձություններին առնչվող դատապարտվածների ու մեղադրյալների շուրջ 90 տոկոսի վրա: Նախարարի խոսքերով, համաներումը տարածվելու է գրեթե բոլոր ընդդիմադիր առաջնորդների վրա, բացառությամբ պատգամավոր Սասուն Միքայելյանի, որը մեղադրվում է քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ կետով` անօրինական զենք կրելու, ինչպես նաեւ դավադրություն կազմակերպելու համար, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը և Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանը ազատ են արձակվելու:

Ինչ վերաբերում է հետախուզման մեջ գտնվող պատգամավոր Խաչիկ Սուքիասյանին և «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, նախարարի խոսքերով, համաներումը կտարածվի նաև նրանց վրա, եթե վերջիններս, մինջև սույն թվականի հունիսի 30-ը ներկայանան իրավապահ մարմիններին:

Համաներումը տարածվում է այն անձանց վրա, որոնց դատապարտել են 3-ից 5 տարի ազատազրկման:

Համաներումը տարածվում է 60-ն անց և մինչև 18 տարեկան մարդկանց,1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների, Հայրենական և Արցախյան պատերազմի մասնակիցների, մարտիմեկյան իրադարձություններին առնչվող մեղադրյալների վրա:

Համաներումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր դատապարտվել են քրեական օրենսգրքի 133 և 258 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:

Համաներման են ենթարկվելու շուրջ 2000 մարդ, որոնցից 500-ն ազատ են արձակվելու:

Համաներումը հայտարարվելու է մինչև սույն թվականի, սեպտեմբերի 31-ը և ուժի մեջ է մտնելու հայտարարումից անմիջապես հետո:

Հայաստանում վերջին անգամ համաներում եղել է 2006 թվականին, որը տարածվել է 980 կալանավորների վրա:

Իշխանության ներկայացուցիչները կայանալիք համաներումը համարում են աննախադեպ՝ ոչ միայն իրավական, այլև քաղաքական իմաստով: Նրանց խոսքերով, համաներումը` ՀՀ նախագահի քաղաքական կամքի և վճռականության արդյունքն է, որն ուղղված է երկրում առկա լարվածության թուլացմանն ու հասարակության համախմբմանը: Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, առաջին անգամ համաներումը ընդունվել է ոչ թե ինչ որ իրադարձության կամ տարելիցի, այլ հասարակության պահանջով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի խոսքերով, համաներումը այն քայլն է, որն անհրաժեշտ է ոչ թե իշխանության կամ ընդդիմության, կամ նույնիսկ ԵԽԽՎ-ի, այլ պարզապես նրա համար, որ երկիրը չի կարող ունենալ այդքան թշնամացած քաղաքական ուժեր:

Մի շարք պատգամավորների կարծիքով, համաներումը պետք է հայտարարվեր ավելի շուտ, օրինակ՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության կամ ԱԺ-ում առաջին ելույթից հետո: Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արմեն Ռուստամյանը կարծում է, որ այդ դեպքում հնարավոր կլիներ խուսափել տարբեր շահարկումներից, մասնավորապես՝ երկրում քաղբանտարկյալների վերաբերյալ շրջանառվող ասեկոսեներից:

Չնայած այն բանին, որ պատգամավորները իրենց զեկույցներով հիմնականում դրական են գնահատել համաներման ընդունման փաստը, այդուհանդեձ պատգամավորների ներկայացրած առաջարկների որոշ փոփոխություններից հետո վերջնական խմբագրումը շատերին չի բավարարել:

Հանրային խորհրդի անդամ Վիկտոր Դալլաքյանը ՀՀ նախագահին կոչ է արել «գնալ ավելի հեռուն» և համաներումը տարածել մարտիմեկյան իրադարձություններին առնչվող բոլոր մեղադրյալների ու դատապարտվածների վրա:

Դժգոհ է մնացել «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը, որի անդամներից երեքը քվեարկել են ձեռնապահ, իսկ Զարուհի Փոստանջյանը այն միակ պատգամավորն է, որը քվեարկել է համաներման օրինագծի դեմ: Նրա խոսքերով, նման համաներումը հարցի լուծում չէ, այլ ուղղակի ԵԽԽՎ առաջիկա նիստին նախապատրաստվելու իշխանությունների հերթական փորձերից մեկն է։ Այդ նիստում դիտարկվելու են Հայաստանի ժողովրդավարական ինստիտւտների հարցը:

Լարիսա Ալավերդյանն էլ իր հերթին ասել է, որ համաներումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու համար: Նա իշխանություններին կոչ է արել՝ գտնել և պատժել 10 զոհեր խլած մարտիմեկյան իրադարձությունների մեղավորներին:

Ազգային Ժողովի որոշումը չի գոհացրել նաև Հայ ազգային կոնգրեսի անդամներին: Նրանք նիստի ողջ ընթացքում շրջափակել էր օրենսդիր մարմնի շենքը: ՀԱԿ-ի ակտիվիստները իրենց կողմնակիցների ազատ արձակման համար պայքարը շարունակելու կամք են արտահայտել: Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը ասել է, թե Ազգային ժողովում քննարկման ժամանակ իշխանությունները չհամաձայնեցին մեղմել համաներման օրինագծի դրույթները, դրանով իսկ ցույց տալով իրենց արհամարհանքը ներկա պատգամավորների հանդեպ: