Բաղրամյան պողոտայում մի պահ իրավիճակը լարվեց, երբ հավաքի մասնակիցները փորձեցին հրելով ճեղքել ոստիկանական շղթան Դեմիրճյան փողոցի կողմից:
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին ասաց. «Ուզում ես հիմա էս ճանապարհը բացի, ինքը վախից փախնելու ա: Եկեք մի հատ փորձենք, սենց անենք, տեսնենք չի վախենո՞ւմ»: Այդ ասելուց հետո, հավաքվածները սկսեցին հրել ոստիկանների կազմած շղթան:
Վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանական շղթան հետ նահանջեց, սակայն կարողացան դիմանալ եւ վերադարձան իրենց նախկին գծին:
Քիչ անց ամեն բան հանդարտվեց: Հավաքի մասնակիցները վեր բարձրացրեցին բաց ձեռքերը, ապա Արթուր Վանեցյանի կոչով մեկ քայլ հետ գնացին:
«Նիկոլի վախն էինք բռնում, բռնել ենք, նորմալ ա»,-ասաց Սաղաթելյանը:
Նշենք, որ այս պահին Դեմիրճյան փողոցը փակ է ոստիկանների կողմից; Սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանները մի քանի շարքով փակել են այն:
ԱԺ-ում այս պահին կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է: ԱԺ-ում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմադիր պատգամավորները եւս ներսում են: «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը ընթերցել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը:





























