Սոցիալական ցանցերի վարկանիշի աճը թույլ է տվել վտանգավոր քարոզչությանը բարգավաճել եւ պրոֆեսիոնալ լրագրողներին հարձակման մշտական սպառնալիքի տակ է դրել: Նման կարծիք է հայտնել ֆիլիպինցի լրագրող, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Ռեսան։

Ամբողջ աշխարհում լրատվամիջոցների աշխատողների համար իրավիճակը ներկայումս «մռայլ է»,- ասել է Ռեսան AFP-ին՝ նշելով, որ մեղքի մեծ մասը տեղեկատվության տարածման ձեւի կտրուկ փոփոխության վրա է ընկած:

Նրա խոսքով, սոցիալական ցանցերը զգալիորեն հեշտացրել են քարոզչության տարածումը, փաստերի հերքումը եւ պատմական իրադարձություններն ու իրողությունները փոխելը։

Նա մատնանշել է Ֆիլիպիններին, որը, ըստ երեւույթին, հաջորդ շաբաթ նախագահի պաշտոնը կփոխանցի Ֆերդինանդ Մարկոս-կրտսերին, որի բռնապետ հայրը ղեկավարել է ազգի զանգվածային թալանը եւ մարդու իրավունքների խախտումները: «Կարծես նա տրամադրված է հաղթանակի, եւ դա հնարավոր է միայն այն պատճառով, որ պատմությունը փոխվել է մեր աչքի առաջ»,- ասել է Ռեսան:

Հոր հետ Մարկոս-կրտսերի կապերը նրան դարձրել են երկրի ամենահակասական քաղաքական գործիչներից մեկը: Բայց նա օգուտ է քաղել սոցցանցերում կեղծ եւ ապակողմնորոշող գրառումների հոսքից, որը հիմնականում ուղղված է երիտասարդ ընտրազանգվածին, որը չի հիշում Մարկոս-ավագի 20-ամյա կառավարման ընթացքում կատարված կոռուպցիայի, սպանությունների եւ այլ չարաշահումների մասին:

Ռեսան մատնանշել է, որ Մարկոս-կրտսերը հրաժարվում է մասնակցել բանավեճերին եւ պատասխանել ավանդական լրագրողների հարցերին, նա կարծես հետեւում է պոպուլիստ քաղաքական գործիչների սցենարին, ինչպիսին է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն: «Սա սոցիալական ցանցերի խնդիրն է՝ նրանք թույլ են տվել, որ քարոզչությունը ծաղկի եւ բառացիորեն թույլ են տվել այնպիսի հասարակական գործիչներին, ինչպիսիք են Մարկոսը եւ Բոլսոնարոն, անտեսել զսպումների եւ հակակշիռների համակարգերը (մեդիա)… եւ ստեղծել իրենց սեփական իրականությունը»,- ասել է Ռեսան:

Նման մարտահրավերների պայմաններում «լրագրության առաքելությունն այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է»:

«Կարծում եմ՝ սա այն պահերից է, երբ այն ամենն, ինչ անում են (լրագրողները) նշանակություն կունենա, քանի որ... մենք մոտ ենք եզրին»: Միեւնույն ժամանակ, ոլորտում կտրուկ տեխնոլոգիական տեխաշարժը լրագրողներին շատ ավելի խոցելի է դարձրել հարձակումների եւ սպառնալիքների նկատմամբ:

«Չկա որեւէ խոչընդոտ»,- ասել է Ռեսան՝ մատնանշելով սոցիալական ցանցերի հիմնականում անօրինական աշխարհը, որը հաճախ հիմնված է ալգորիթմների վրա, որոնք զայրույթ եւ ատելություն պարունակող բանավեճեր են առաջացնում:

«Ամեն անգամ, երբ բարդ պատմություն ես սարքում՝ փորձելով պատասխանատվության ենթարկել իշխանություններին, պետք է պատրաստ լինես անձնական հարձակման»։