Եվրամիությունը պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում կարգելի ՌԴ քաղաքացիներին ԵՄ-ում անշարժ գույք գնել։ Սահմանափակումը կտարածվի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վրա։ Ընդ որում, պատժամիջոցները չեն ազդի ԵՄ երկրներում կամ Շվեյցարիայում քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն ունեցող ռուսների վրա, գրում է Bloomberg-ը։

Ուկրաինայի վրա հարձակումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մասին մայիսի 4-ին հայտարարել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Սահմանափակումները, ի թիվս այլ կետերի, ռուսական նավթի արտահանման էմբարգո եւ SWIFT համակարգից «Սբերբանկ»-ի անջատում են ներառում։

Bloomberg-ի աղբյուրները հայտնում են նաեւ, որ ԵՄ-ն եվրոպական դատարաններին եւ ընկերություններին կառաջարկի աշխարհով մեկ ռուսական նավթի փոխադրման հետ կապված ծառայություններ մատուցել, այդ թվում՝ ապահովագրության ոլորտում։

Ընդ որում, Reuters գործակալության զրուցակիցները հայտնել են, որ ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչները մայիսի 4-ին կայացած հանդիպմանը չեն կարողացել վերջնական համաձայնության գալ Ռուսաստանից նավթի էմբարգոյի սահմանման շուրջ։ Մասնավորապես, Սլովակիան եւ Չեխիան հայտնել են, որ համաձայն են հրաժարվել ռուսական հումքից, սակայն հետաձգման կարիք ունեն: Հունաստանը, Մալթան եւ Կիպրոսը, ըստ Bloomberg-ի, եւս կասկածի տակ են դրել էմբարգոյի անհրաժեշտությունը։

Ուժի մեջ մտնելու համար պատժամիջոցները պետք է հաստատվեն ԵՄ բոլոր երկրների կողմից։