Իրավապահ համակարգի գլխին նստած են երկու անձ, որոնք անձնական թշնամանք ունեն պարոն Հովսեփյանի նկատմամբ՝ մեկը ԲԴԽ-ում է նստած, մյուսը՝ նախկին ՀՔԾ շենքում։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին հայտարարեց նրա պաշտպան Արթուր Ղամբարյանը։

«Դուք, հարգելի դատախազներ, ասում եք, որ Աղվան Հովսեփյանը կարող է իր անձով պայմանավորված ճնշում գործադրե՞լ։ Ամբողջ իրավապահ եւ դատական համակարգը  կոորդինացնում են նրանք։ Հիմա եկել ասում եք՝ պրն. Հովսեփյանի անձով, նախկին պաշտոններով ու հեղինակությամբ պայմանավորված, նա կարող է ազդեցություն գործադրե՞լ։ Այստեղ զուտ երկու թույլ ու թունավորված անձանց անձնական վրեժխնդրություն է պարոն Հովսեփյանի նկատմամբ»,- նշեց Արթուր Ղամբարյանը։

Նրա խոսքով՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանքի տակ թողնելու որոշման մեջ ինչ պատճառաբանություն էլ, որ գրի, գոնե ինքը՝ փաստաբան Ղամբարյանը, դրա իրական պատճառները լավ գիտի։

Մյուս պաշտպան Երեմ Սարգսյանն էլ անդրադառնալով մակագրման համակարգը վերագործարկելուն, ասաց.

«43 օր ունեն բանալիներն իրենց տրամադրության տակ, սակայն այդպես էլ գործարկվում, հիմա եկեք մի հատ ծափ տանք, գործարկվել է, այսօր արդեն գործարկեցին։ Վտանգն անցել է, Աղվան Հովսեփյանի մասով էլ ոնց որ մակագրության խնդիր չկա։ Ինչո՞ւ սկսեց վերագործարկվեց Աղվան Հովսեփյանի գործի մակագրումից հետո»։

Նշենք, որ այս պահին պաշտպանները դատարանին միջնորդում են Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխել։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Հովսեփյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչը մերժվել էր։

Ըստ մեղադրանքի՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Հովսեփյանին վերագրվում է նաեւ այլ ենթադրյալ հանցավոր արարքների կատարում:

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում: Նրա պաշտպանները պնդում են, որ Հովսեփյանն ակնհայտ ապօրինի պահվել է կալանքի տակ եւ պահանջում են այդ առիթով քրեական գործ հարուցել: