Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն ասում է՝ ինքը Ֆրանսիայի հրապարակ է գնում ու միանում հավաքված մարդկանց այն գաղափարին, որն այս պահին մեկն է՝ երկրի, պետականության, Արցախի փրկությունը։
«Սա այնքան գերկարևոր հարց է, որ մնացած հարցերը մի տեսակ ստվերում են։ Մնացած հարցերը երկրորդական են, դրանք կլուծվեն, այս պահին կարևորն այս վիճակից դուրս գալն է։ Կարծում եմ՝ ով հայ է, մտածում է, որ իր արժանապատվությունը գետնին են գցել, և այդպես հնարավոր չէ շարունակել։ Երկրից պոկում են, տեղանուններ են դնում, իսկ նրանք, ովքեր պետք է արձագանքեն՝ լուռ են կամ ինչ-որ կցկտուր բաներ են ասում վախվորված, այսպես չի կարող շարունակվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Խանջյանը։
Նա շեշտել է՝ գոնե իր համար ծնկած ապրելը՝ ապրել չէ, որովհետև անցել է 90-ականներով, տեսել է երկրի ամբողջ վերելքը։ «Տեսել եմ, թե ինչքան քաջ տղաներ են զոհվել այս երկրի, ազգի արժանապատվությունը բարձր պահելու համար, ու հիմա այդպես հեշտ, այսպիսի դրսևորո՞ւմ, վա՞խ է, վախվորածությո՞ւն է, թե ի՞նչ է, չեմ կարող հասկանալ, բայց ինձ նման մարդուն, որպես հայի, այսօրվա իշխանությունը, առաջնորդը ձեռք չի տալիս։ Ինքս թշնամանքով չեմ վերաբերվում, նորմալ է՝ հանձնվող, պարտվող մարդիկ էլ կան, բայց պարտադիր չէ, որ այդ մարդիկ լինեն իմ ու իմ երկրի առաջնորդը, թող իրենց ձևով ապրեն»,- հավելել է դրամատուրգը։
Անդրադառնալով այն քննադատություններին, որ մտավորականությունն այսօր կանգնած չէ հրապարակում պայքարի դուրս եկած մարդկանց կողքին և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիք չի հայտնում, Գուրգեն Խանջյանը նկատել է՝ մտավորականությունը մշտապես առաջին գծում է, սակայն, չգիտես՝ ինչու, նրանք այլ մարդկանց են ուզում տեսնել, գուցե Ավետիք Իսահակյանին, Հովհաննես Թումանյանին են ուզում տեսնել, բայց նրանք այսօր չկան, իրենք իրենց գործն արդեն արել են։
«Մտավորականը քաղաքագետն է, ռեժիսորը, դերասանը, գրողը, տնտեսագետը։ Երեկ հրապարակում տեսել եմ հայտնի քաղաքագետների, նրանք մտավորական չե՞ն, իհա՛րկե մտավորական են։ Բոլորս էլ այսօր մտավորական ենք, ովքեր մտածում են երկրի մասին, նրանք մտավորական են»,- շեշտել է նա։
Գուրգեն Խանջյանն ասել է, որ բավական է տրոհեն, մարդկանց հանեն իրար դեմ, քաղաքացիական պատերա՞զմ են ուզում։ «Ես չեմ հասկանում, այդքան քաղցր բա՞ն է իշխանությունը, երկրից քա՞ղցր է, եթե երկիրը կործանվեց, ի՞նչ իշխանություն է ունենալու, թուրքի լծի տակ է ապրելո՞ւ։ Գուցե իրենց հաճելի է այդպես ապրել, որովհետև իրենց գրպանները փող կլցվի, բայց մենք պետք է հասկանանք, որ այդպես շարունակվել չի կարող։ Իզուր չէ, որ հազարամյակների պատմություն անցել ու հասել ենք այդ կետին, այսպես հեշտ քացով տանք շպրտե՞նք»,- եզրափակել է Գուրգեն Խանջյանը։





























