Չինաստանին հակազդելու Վաշինգտոնի ռազմավարությունը ձախողման լուրջ վտանգի տակ է հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր դաշնակիցների՝ մշտական հիմքով հրթիռային համակարգեր տեղակայել հրաժարվելու պատճառով: Այս մասին ասվում է Rand Corporation-ի վերլուծության մեջ, փոխանցում է South China Morning Post-ը։
Ըստ զեկույցի՝ ներքաղաքական նկատառումներն ու Չինաստանի հետ տնտեսական կապերը նշանակում են, որ քիչ հավանական է, որ տարածաշրջանում ԱՄՆ հինգ դաշնակիցներից որեւէ մեկը՝ Ավստրալիան, Ճապոնիան, Ֆիլիպինները, Հարավային Կորեան եւ Թաիլանդը, կցանկանա միջին հեռահարության հրթիռներ տեղակայել իր տարածքում:
Հրթիռները մինչեւ 5000 կմ հեռահարություն ունեն, եւ Միացյալ Նահանգները, 2019 թվականին Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից դուրս գալուց հետո, կարող է ավելի շատ հրթիռներ մշակել եւ տեղակայել տարածաշրջանում՝ Չինաստանին հակազդելու համար: Չինաստանն այդպես էլ չի ստորագրել պայմանագիրը, որը բանակցվել է ԱՄՆ-ի եւ Խորհրդային Միության միջեւ Սառը պատերազմի վերջում, եւ միջին հեռահարության իր սեփական հրթիռներն է մշակում, այդ թվում՝ DF-21-ը, որը ստացել է «ավիակիրների մարդասպան» անունը, եւ DF-26 միջուկային հրթիռը:
Զեկույցի հեղինակ Ջեֆրի Վ. Հորնունգը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամը մեծացրել է Թայվանի վրա հարձակման հետ կապված մտավախությունները:
Զեկույցում ենթադրվում էր, որ ԱՄՆ-ի համար այլընտրանքները հրթիռների համատեղ մշակում կամ վաճառք են ներառում, որը կվերահսկի սեփական համակարգը. ճգնաժամի ժամանակ դրանց տեղակայում տարածաշրջանում կամ ռոտացիոն տեղակայում:
Մեկ այլ տարբերակ է այս համակարգերը տեղակայել Գուամում կամ Խաղաղ օվկիանոսի փոքր կղզի պետություններից մեկում, որոնք Ասոցացման համաձայնագիր են ստորագրել Վաշինգտոնի հետ:
«Ավելի հավանական է, որ հաջողությունը կլինի Ճապոնիային աջակցելը ցամաքային հականավային հրթիռների զինանոցի մշակմանը եւ տեղակայմանն ուղղված ջանքերում»,- ասել է նա՝ հավելելով, որ հրթիռները կարող են տեղակայվել Ճապոնիայի հարավ-արեւմտյան կղզիներում:
«Չնայած այդ հրթիռները դեռեւս ի վիճակի չեն լինի խորը հարվածներ հասցնել Չինաստանին… դրանք կկարողանան ծածկել նավերի շարժը Թայվանի նեղուցում…»:
Ճապոնական Վասեդայի համալսարանի պրոֆեսոր Չունգ Մոնգն ասել է, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կարող է ողջունել մյուս այլընտրանքները, քանի որ նոր կառավարությունը չի ցանկանում սադրել Պեկինին՝ չնայած ԱՄՆ-ի հետ դաշինքի կարեւորությանը:
«Տոկիոյի պաշտպանական պլանի ընթացիկ իրականությունն այն է, որ այն փորձում է օգտագործել ԱՄՆ ռազմական ուժը՝ Դյաոյուդաո Սենկակու կղզիները պաշտպանելու համար,- ասել է նա՝ նկատի ունենալով Արեւելա-Չինական ծովի անմարդաբնակ կղզիները, որոնց հավակնում են ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Ճապոնիան:- Բայց նրանք չեն ցանկանում շատ խորը ներքաշվել Թայվանի խնդրի մեջ, ինչը հակասում է նրան, ինչ ցանկանում է ԱՄՆ-ն»:





























