Բաթումիում բողոքի ակցիայի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առնվազն 20 աջակից է ձերբակալվել, հաղորդում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։
Ուրբաթ օրը Բաթումիի կենտրոնում տեղի է ունեցել ցույց՝ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման տեղափոխելու պահանջով։ Ցուցարարներն ազդարարել են անժամկետ բողոքի ակցիաների սկիզբը եւ վրաններ տեղադրել Աջարիայի կառավարության տան մոտ։
Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Աջարիայի Գերագույն խորհրդի անդամ «Ազգային շարժում»-ից Էլգուջա Բագրատիոնին կարծում է, որ ոստիկանությունն անօրինական է գործել։ Նրա խոսքով՝ ինքը հանրահավաքի մասին նախապես տեղեկացրել է Բաթումիի քաղաքապետարանին եւ հայտնել, որ փողոցը փակելու են։
«Ստացվում է, որ հանրահավաքի վայրը ոստիկանությունը պետք է որոշի»,-լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատիոնին։
Ձերբակալվածների թվում կան Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավորներ եւ Բաթումի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) անդամներ։
Փողոցն ազատել են վրաններից, սակայն ակցիայի մի քանի մասնակից դեռ մնում է այնտեղ։ Իրավիճակը դրանից հետո չի սրվել, գրում է «Новости-Грузия»-ն։





























