Էրեբունու քննչական բաժինը հոկտեմբերի 21-ին մեղմացրել է «S.O.S. Թեղուտ» եւ «S.O.S. Սեւան» երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել «սուտ մատնության» համար, ինչն ազատազրկում էր նախատեսում, իսկ այսօր մեղադրանքը վերաորակվել է ՀՀ քր.օր.-ի 135-րդ հոդվածի առաջին մասով՝ (Զրպարտություն), որը պատժվում է տուգանքով:

Սուխուդյանն իր պաշտպանի հետ այսօր մեկուկես ժամ անցկացրել է քննչական բաժնում, որտեղ էլ քննիչ Մեսրոպյանը նրանց հայտնել է նորությունը: Ի դեպ, Մարիամ Սուխուդյանը «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, թե հրաժարվել է համաներման իրավունքից: «Ես գրեցի, որ համաձայն չեմ, ինձ մեղավոր չեմ ճանաչում եւ պահանջում եմ գտնել իրական հանցագործներին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Կանաչների շարժման երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին մեղադրանք էր առաջադրվել, երբ նա եւ իր ընկերները համարձակվել էին բարձրաձայնել Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկում աշակերտների նկատմամբ ուսուցիչներից մեկի կատարած սեռական ոտնձգությունների մասին:

Նշենք, որ գործի նախաքննությունը ավարտվել է, եւ առաջիկայում նյութերը տրամադրվելու են Սուխուդյանին՝ ծանոթանալու համար: