Աֆղանստանում թալիբների իշխանությունը հրամայել է բոլոր աֆղանցի կանանց հանրային վայրերում ամբողջ դեմքը ծածկող չադրա կրել, հայտնում է PA MEDIA-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Այս քայլը հիշեցնում է 1996-2001 թվականներին «Թալիբան»-ի նախկին կառավարման ժամանակ կանանց նկատմամբ կիրառվող նմանատիպ սահմանափակումները:
«Մենք ուզում ենք, որ մեր քույրերն արժանապատվորեն եւ ապահով ապրեն: Բոլոր արժանապատիվ աֆղանցի կանանց համար հիջաբ կրելը անհրաժեշտ է, իսկ լավագույն հիջաբը չադրան է, որը մեր ավանդույթի մի մասն է եւ հարգանք է առաջացնում»,- ասել է մեղքի եւ բարեպաշտության փոխնախարարի պաշտոնակատար Խալիդ Հանաֆին:
Թալիբները նախկինում որոշել էին դպրոցներ չբացել վեցերորդ դասարանից բարձր (մոտ 11 տարեկան) աղջիկների համար՝ հրաժարվելով ավելի վաղ տված խոստումից եւ նախընտրելով հանգստացնել կոշտ գծի իրենց կողմնակիցներին:
Այս որոշումը պոտենցիալ միջազգային դոնորների կողմից ճանաչում ձեռք բերելու թալիբների ջանքերը խափանեց այն ժամանակ, երբ երկիրը խորացող հումանիտար ճգնաժամի մեջ է:
Միջազգային հանրությունը «Թալիբան»-ի առաջնորդներին կոչ է արել վերաբացել դպրոցները։





























