Մերլին Մոնրոյին պատկերող Էնդի Ուորհոլի դիմանկարը, որի արժեքը 200 միլիոն դոլար է գնահատվում, գլխավորում է Նյու Յորքի գարնանային աճուրդը, որը կոլեկցիոներների կարծիքով պատմության մեջ ամենասպասվածներից մեկն է, հայտնում է AFP-ը:
Christie's-ն ակնկալում է, որ Ուորհոլի 1964 թվականի Shot Sage Blue Marilyn-ը կդառնա 20-րդ դարի ամենաթանկ արվեստի գործը, երբ աճուրդի տունը վաճառքի հանի այն երկուշաբթի օրը:
Նրանից հետ չի մնում նաեւ մրցակից Sotheby's-ն, որը մայիսին իր նշանավոր շաբաթվա ընթացքում ժամանակակից արվեստի 1 միլիարդ դոլար արժողությամբ ստեղծագործություն կառաջարկի:
Ուորհոլի 100x100 սմ չափերով մետաքսե գործը այն նկարների շարքից է, որը հայտնի նկարիչն արել է թմրանյութերի գերդոզավորման պատճառով 1962 թվականի օգոստոսին դերասանուհու մահից հետո:
Ուորհոլի նկարների աճուրդային ռեկորդը կազմում է 104,5 միլիոն դոլար, որը 2013 թվականին վճարվել է «Վթար արծաթագույն ավտոմեքենայով» (կրկնակի աղետ) աշխատանքի համար:
Christie's-ի կողմից առաջարկվող այլ հիմնական գործերից են Ժան-Միշել Բասկիայի «Նկարչի դիմանկարը՝ երիտասարդ դասալիքի կերպարով» (1982 թ.), որը, ինչպես ակնկալվում է, կվաճառվի ավելի քան 30 միլիոն դոլարով, եւ Մարկ Ռոտկոյի «Անվերնագիր (Կարմիրի երանգները)», որը մինչեւ 80 միլիոն դոլար է գնահատվել։





























