Ռուսաստանում A/H1N1 վարակով իրական վարակվածների թիվը 10 անգամ գերազանցում է պաշտոնական վիիճակագրությանը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին՝ Ռուսաստանում խոզի գրիպի դեմ պայքարի եւ պատվաստանյութի ստեղծմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ակադեմիկոս Օլեգ Կիսելյովը։

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը մեջ է բերել Կիսելյովի խոսքերը, թե խնդիրը ախտորոշման թերություններից է ծագել։ Եվ չնայած նրան, որ պաշտոնական տվյալներով՝ վարակվելու բոլոր դեպքերը դրսից բերված են համարվում, դեպքերի 40 տոկոսը արդեն քաղաքի ներսում տարածվելու արդյունք է։

Ակադեմիկոսը հայտնել է նաեւ «խոզի գրիպից» բարձր մահացության մասին։ Նրա տվյալներով, A/H1N1վիրուսով վարակվածների մահացությունը կարող է 4 անգամ գերազանցել սովորական սեզոնային գրիպինը։

Ընդ որում, այսօր «Эхо Москвы» ռադիոընկերության եթերում երկրի Առողջապահության եւ սոցիալական զարգացվածության նախարարի տեղակալ Վերոնիկա Սկվորցովան հայտնել է, թե Ռուսաստանում պատվաստումները կսկսվեն դեկտեմբերից։ Նրա խոսքով, Ռուսաստանում վարակի հաստատված 956 դեպք կա։