Կանադայի Էդմոնթոն քաղաքում զինված հանցագործը, որը քաղաքի գրասենյակային շենքերից մեկում կարողացել է 8 պատանդ պահել, հանձնվել է ոստիկանությանը։
«Associated Press»-ի տվյալներով, պատանդներից ոչ մեկը չի վնասվել։ Ինչպես հետո է պարզվել, հանցագործը 38-ամյա գործազուրկ Պատրիկ Քլեյթոնն է եղել։ Ինչպես հայտնում է «Վեստին», նա արտադրության մեջ աշխատելիս հաշմանդամ է դարձել եւ երկար տարիներ նպաստով է ապրել, սակայն մեկ շաբաթ առաջ նրան վճարումը ընդհատվել էր։
Հանցագործին կալանավորելուց հետո տեղական ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, թե պատանդների ազատությանը նրանք հասել են միայն շնորհիվ հատուկ ոստիկանական խմբի գործողությունների, հայտնում է ИТАР-ТАСС-ը։




























