Երեկ` հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատում երկու օրենսդիրներ ներկայացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նոր նախագիծ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ Ամերիկայի հայկական համագումարը, այս նոր օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսին եւ հանրապետական սենատոր Զոն Էնսայնին: Այն իր բովանդակությամբ նման է այս տարի ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ներկայացված 252 բանաձեւին:

Հոկտեմբերի 21-ին ներկայացված բանաձեւի նախագիծը նույնպես կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը արտացոլի պատշաճ ըմբռնում՝ ամերիկյան փաստաթղթերում արձանագրված հայկական ցեղասպանությանն առնչվող մարդու իրավունքների, էթնիկական զտումների եւ ցեղասպանության հարցերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը հայտնել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրված բանաձեւին աջակցողների թիվն ավելացել է եւս 7-ով՝ հասնելով 134-ի:

Սենատում երեկ ներկայացված բանաձեւը պարունակում է 1916 թվականից մինչ այսօր արձանագրված` Հայոց ցեղասպանությանն աոնչվող բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ ծավալուն մեջբերումներ կոնգրեսական լսումներից, բանաձեւերից եւ նախագահական հայտարարություններից: