Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կրկին միմյանց հետ կմրցեն Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Քարզայը եւ նրա հիմնական հակառակորդ, ԱԳ նախկին նախարար Աբդուլա Աբդուլան: Վերջինս հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին եւ հավաստիացրել է, որ իրենք «հստակ ուղեցույց ունեն` խուսափել ընտրախախտումներից, որոնց ականատեսն են եղել ընտրությունների առաջին փուլում»:
Հիշեցնենք, որ վերջերս այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ՄԱԿ-ի հովանու ներքո գործող անկախ ընտրական հանձնաժողովը, որն իր կազմում ներառում է նաեւ միջազգային ներկայացուցիչների, երեկ հայտարարել էր, թե քվեաթերթիկների վերջնահաշվարկի համաձայն, Համիդ Քարզային չի հաջողվել հավաքել նախագահ դառնալու համար անհրաժեշտ 50 տոկոս գումարած մեկ ձայնը:




























