Շարունակվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ պաշտոնական այլ անձանց այցը Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, նախօրեին Սարգսյանն ու ԼՂՀ ղեկավար Բակո Սահակյանը այցելել են ԼՂՀ Հադրութի շրջան։ Հայաստանի ու ԼՂՀ նախագահները, ինչպես նաեւ երկու երկրների պաշտպանության նախարարները մի խումբ սպաների ու ենթասպաների հանդիսավոր պայմաններում հանձնել են հանրապետության հարավում գտնվող բազմաբնակարան շենքերի ծառայողական բնակարանների օրդերները։

Այնուհետեւ նախագահներն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան անձինք այցելել են ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկը, որտեղ շահագործման է հանձնվել տեխնիկական սպասարկման ու վերանորոգման կետը։ Նրանք ծանոթացել են զինծառայողների կենցաղին, եղել են ուսումնական տեղամասերում։

Հայկական երկու պետությունների ղեկավարներն ու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները լսումների են մասնակցել Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկում, որոնց ընթացքում քննարկումներ են ծավալվել բանակաշինության արդիական հարցերի եւ դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերի շուրջ։ Այնուհետեւ բարձրաստիճան հյուրերն ուղեւորվել են Ստեփանակերտ, որտեղ հանդիպում է տեղի է ունեցել ԼՂՀ Պաշտպանության նախարարությունում։