Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնել է Բաքու, որին Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը եւ ադրբեջանցի պաշտոնյաներ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։
Հիշեցնենք, որ Դավութօղլուն Բաքու է ժամանել՝ մասնակցելու համար Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 21-րդ նիստին: Դավութօղլուն որոշել է անձամբ մեկնել Բաքու՝ կարգավորելու վերջին օրերին լարված թուրք-ադրբեջանական հարաբերությունները եւ այդ ֆոնին թուրքական դրոշների իջեցումը Բաքվի Նահատակների ծառուղուց եւ թուրքական դեսպանատան ենթակայության տակ գտնվող Կրոնական գործերով զբաղվող կառույցի շենքի դիմացից։
Այս համատեքստում նախատեսվում են Դավութօղլուի հանդիպումները Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ։ Դավութօղլուի օրակարգում է նաեւ հանդիպումներ՝ Հայաստանից եւ Ռուսաստանից Բաքու ժամանած պաշտոնյաների հետ։




























