Պենտագոնը մտադիր է ռազմակայաններ կառուցել Բուլղարիայում եւ Ռումինիայում, որը նրա վրա կարժենա 110 միլիոն դոլար: Ամերիկյան Stars and Stripes թերթի տվյալներով, շինարարական աշխատանքները Ռումինիայում, որոնց համար նախատեսվել է 50 միլիոն դոլար, պետք է ավարտվեն երկու ամիս անց, մինչդեռ Բուլղարիայում ռազմակայանը շահագործման կհանձնվի մի քանի տարի անց 2011-12 թվականներին:

Առայժմ Ռումինիայում նախատեսվում է տեղաբաշխել 1600 ամերիկյան զինվորականներ, իսկ Բուլղարիայում` 2500: Այդ երկու երկրներում հիմա համատեղ զորավարժություններ են գնում, որոնց մասնակցում են 2 հազար ամերիկացիներ:

«Արեւելք» միացյալ օպրատիվ խմբի ղեկավար Հարրի Ռասն ընդգծել է, որ Ռումինիայում ու Բուլղարիայում ոչ ոք դեմ չի արտահայտվել ամերիկացի զինվորների ներկայությանը: Այդ ռազմաբազաների շինարարությունը իրականացվելու է արտասահմանում գտնվող ամերիկյան զորքերի վերատեղաբաշխման ծրագրի համաձայն, որի մասին 2004 թվականին հայտարարել էր նախագահ Ջորջ Բուշը: Ըստ այդմ, Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը չպետք է լինի առնվազն 55 հազար, որոնց մի մասը Գերմանիայից տեղափոխվում են Արեւելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ երկրներ։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ը ռազմական համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ուզբեկստանի հետ: Երբ պարզ դարձավ, որ Ղրղզստանում հնարավոր է տեղակայվեն ռուսական ռազմակայաններ, Ուզբեկստանը սկսեց մտածել տարածաշրջանում հավասարկշռությունը պահպանելու մասին, դրա համար էլ համաձայնվել է ամերիկյան հենակայանների ներկայությանն իր երկրում: Նշենք, որ Մոսկվան Ղրղզստանի հետ բանակցություններ է վարում այդ երկրում ՀԱՊԿ ռազմակայաններ տեղակայելու ուղղությամբ: