Ասիա-Խաղաղօվկիանսյան տնտեսական համագործակցության անդամ երկրների առեւտրի նախարարները Թաիլանդում տեղի ունեցած երկօրյա հանդիպումների արդյունքում չեն կարողացել վերջնական փաստաթուղթ ընդունել, ինչպես փոխանցում է Интерфакс-ը, լրագրողներին հայտնել է ռուսական պատվիրակության ներկայացուցիչը:

«Ռուսական պատվիրակությունը հաստատում է, որ ԱԽՏՀ երկրների էկոնոմիկայի նախարարների վերջնական հայտարարությունը չի ընդունվել: Միեւնույն ժամանակ ընդգծում ենք, որ կայացած համաժողովը կարելի է հաջողված համարել, քանի որ Թաիլանդին հաջողվել է ապահովել օրակարգի եւ քննարկումների որակը»,- ասել է նա:

Համաժողովի մասնակիցներից մեկը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը, Թաիլանդը եւ երկրների պատվիրակությունների մեծամասնությունը մինչեւ վերջին պահը փորձել են համաձայնեցնել եզրափակիչ հայտարարության տեքստը: Համաձայնեցվել է վերջնական փաստաթղթի 24 պարբերությունից 23-ը, որոնք վերաբերում էին տնտեսական եւ առեւտրային օրակարգին, սակայն ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան չեն աջակցել Ռուսաստանի եւ Չինաստանի կոչերին՝ շարունակելու համագործակցությունը ԱԽՏՀ օրակարգի շուրջ: