Ղարաբաղյան հարցով ստատուս-քվոն մոտ ապագայում չի խախտվի։ Նման կարծիք է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։

Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում առաջընթացի չպետք է սպասել այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն չի հրաժարվել ղարաբաղյան հարցում ունեցած իր մաքսիմալիստական դիրքորոշումից։ «Իսկ ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, Բաքուն, ի ուրախություն հայկական կողմի, հակված չէ փոխելու իր դիրքորոշումը»,- նշել է Կիրակոսյանը։ Ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների քիշնեւյան հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը առայժմ հեռու են փոխզիջումից։

«Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի ցրի այդ կարծիքը՝ համոզելով կողմերին հանդես գալ լավատեսական հայտարարություններով, սակայն այդ հարցում առաջընթացի պետք է սպասել ոչ շուտ, թեկուզ այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նոր համանախագահ Ռոբերտ Բրադտկեն ոչ լիովին է ընտելացել իրավիճակին եւ ամեն հնարավոր բան կանի, որպեսզի ժամանակ ձգի»,- հայտարարել է Կիրակոսյանը։

Նա չկիսեց փորձագետների այն կարծիքը, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից անմիջապես հետո կլուծվի նաեւ ղարաբաղյան հարցը։ «Ղարաբաղյան հարցի շուրջ Թուրքիայի հաճախակի դարձած հայտարարություններն ընդամենը հայկական կողմի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու եվրոպական հանրության ռեակցիան ստուգելու թեստ են»,- նշել է նա։