Ավարտվել է բոլոր անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանի ադրբեջանական գերության մեջ գտնվելու եւ կտտանքների ենթարկվելու փաստով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Փաստաբանի խոսքով, առաջիկա օրերին Բադալյանի փաստաբանները դիմումը կուղարկեն Եվրոպական դատարան:

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը մոլորվել էր գյուղում եւ գերեւարվել 2009թ. մայիսի 9-ին:

Միայն մեկուկես տարի անց` 2010թ. նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը հաստատել էր նրա գերության փաստը, ընդ որում մինչ այդ կտրուկ հերքում էր Բադալյանի` Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: Այս տարվա մարտի 17-ին Բադալյանը հանձնվել էր հայկական կողմին:

Եվրոպական դատարանին դիմելու է Վանաձորի փաստաբանական «Պոպուլեքս» գրասենյակը: Փաստաբանների կարծիքով, այս գործով վճիռը կարող է նախադեպ դառնալ այլ դեպքերի համար: