«Պետք չէ կենտրոնանալ այն մտքի վրա, թե կմիավորվե՞նք մենք Հայ ազգային կոնգրեսի հետ, թե ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Ի դեպ, այս հանդիպումը տեղի ունեցավ դրսում` Էրեբունի հյուրանոցի մուտքի դիմաց, քանի որ «Դե ֆակտո» ակումբում այդ ժամին չնախատեսված խորհրդաժողով էր ընթանում: Այս կապակցությամբ Ա. Կարապետյանը հայտարարեց, որ դրա մեջ ինքը դիտավորություն է տեսնում:

"Կմիավորվենք ՀԱԿ-ի հետ` լավ, չենք միավորվի՝ ամեն մեկը կպայքարի իր ճակատում. մենք մինչ օրս չենք մտածել այդ մասին ",- նշեց նա՝ հավելելով, որ միշտ են պահանջել «Հայաստանի ոչ լեգիտիմ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը» եւ հիմա էլ շարունակելու են նույնն անել այնքան ժամանակ, մինչեւ նա չհեռանա: «Նա պետք է հեռանա պաշտոնից, եւ որքան շուտ, այնքան լավ»,- եզրափակեց Արամ Կարապետյանը: