Մարիա դել Ռոսարիո Կաետանա Ալֆոնսա Վիկտորիա Էուխենիա Ֆրանցիսկա Ֆիտց-Ջեյմս Ստյուարտ-ի-Սիլվան` Ուինսթոն Չերչիլի եւ արքայադուստր Դիանայի հեռու ազգականուհին, Իսպանիայի ամենահարուստ կինը որոշել է իր ահռելի ունեցվածքը բաժանել:
85-ամյա կնոջն այդ խիզախ քայլին մղել է սերը: Նա պատրաստվում է ամուսնանալ սոցիալական ապահովության վարչության 61-ամյա աշխատակցի հետ, ով դքսուհուց փոքր է 24 տարով:
Դքսուհի Ալբան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում իր ունեցած տիտղոսների քանակով: Նա 7 դքսական, 22 կոմսական եւ 24 մարկիզական տիտղոս ունի: Բացի այդ, ինչպես կատակում են հպատակները, նա աշխարհի ամենաերկար անունն ունի: Նա 10 ամրոց, արվեստի ահռելի քանակությամբ գլուխգործոցներ ունի, այդ թվում «Դոն Քիշոտի» եւ Կոլումբոսի գծած Ամերիկայի քարտեզի առաջին հրատարակությունները:
Դքսուհու ներկայիս ընտրյալը Ալֆոնսո Դիեսն է: Սիրահարները ցանկանում էին ամուսնանալ դեռ 2008-ին, սակայն դքսուհու ընտանիքը կտրուկ դեմ էր: Թագավոր Կառլոսն անձամբ էր զանգահարել եւ խնդրել զերծ մնալ «ընտանիքին վարկաբեկող այդ քայլից»: Դիեսը թղթեր է ստորագրել, որ չի հավակնում իր կնոջ ունեցվածքին:
Նշենք, որ տիկինն առաջին անգամ չէ, որ ապշեցնում է ազգականներին: 1978թ. նա ապօրինաբար ամուսնացել էր ճիզվիտ հոգեւորական Խեսուս Ագիրրե-ի-Օրտիս դե Սարատեի հետ: Դա մեծ սկանդալ էր հարուցել, բայց ամուսինները երջանիկ ապրեցին մինչեւ 2001թ.:



























