""Մարտի 1"-ի գործով իմ զեկույցն արդեն հասել է ԵԽԽՎ, բայց նրանք խնդրել են մեզ թարգմանել այն եւ նորից ուղարկել իրենց",- այսօր` հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արամ Կարապետյանը չէր ստորագրել հանձնաժողովի զեկույցը, փոխարենը ներկայացրել էր իր սեփականը: Նա հայտարարել էր, որ պատրաստվում է իր զեկույցն ուղարկել ԵԽԽՎ:

Տեղեկացնելով, որ զեկույցն այժմ թարգմանության փուլում է, որից հետո կրկին կուղարկվի ԵԽԽՎ, նա հույս հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «թոհուբոհում» եվրոպական այդ կառույցը չի մոռանա անդրադառնալ մարտի 1-ի դեպքերին եւ համապատասխան մարմին կստեղծի, որն, ի վերջո, կզբաղվի այդ գործի բացահայտմամբ։