Հայաստանի իշխանությունները միտումնավոր են խախտում ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 22-ին կայացած դատական նիստի ընթացքում մեղադրող Հարություն Հարությունյանը ոչ ավելի, ոչ պակաս հայտարարել է, թե ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների կատարումը պարտադիր չէ Հայաստանի ներպետական մարմինների համար՝ ուղղակիորեն ընդունելով բանաձեւերի պահանջների խախտման փաստը:

Ինչեւէ, Փաշինյանի դատավարությունը սկսվեց պաշտպանական կողմի նոր միջնորդությամբ: Փաստաբան Լուսինե Սահակյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին միջնորդեց փոխել խափանման միջոց կալանքը: Ըստ փաստաբանի՝ քր.գործում առկա ձեւակերպումը, թե Փաշինյանը կարող է թաքնվել քննությունից, անհեթեթ է, քանի որ ՀԺ-ի խմբագիրն ինքն է ինքնակամ ներկայացել իրավապահներին: Լուսինե Սահակյանը նաեւ նշեց, որ ԵԽԽՎ-ն իր բանաձեւով պահանջում է կալանք չկիրառել ինքնակամ ներկայացած անձանց նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին ցավակցեց դատավորին եւ մեղադրողներին, որովհետեւ վերջիններս լիազորություններ չունեն շարժվել օրենքով եւ փոխելու իր խափանման միջոցը: «Եւ իմ կողմից հիմա հիմնավորումներ բերելն անլուրջ գործ կլիներ»,- նշեց Փաշինյանն ու արձանագրեց, որ դատավարության կողմերը անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել, ընդ որում՝ պաշտպանական կողմն ավելի բարենպաստ վիճակում է. «քանի որ կարողանում է ազատ արտահայտել իր տեսակետները, ի տարբերություն դատարանի եւ մեղադրողների: Հիմա դատարանը կգնա խորհրդակցական սենյակ, անգամ չի զանգի վերեւներին՝ ճշտելու, քանի որ կոնկրետ հանձնարարություն ունի ինձ բաց չթողնելու»:

Փաշինյանը նաեւ անդրադարձավ իր՝ մեկուկես տարի ընդհատակում գտնվելու փաստին եւ նշեց, որ տասնյակ հրապարակումներ են եղել մամուլում, թե իշխանությունները իրավապահներին հրահանգել են ձերբակելելու ժամանակ իրեն ֆիզիկապես ոչնչացնել: «Առ այսօր որեւէ մեկը չի հերքել դրանք»,- նկատեց ՀԺ-ի խմբագիրը: «Պայքարելու եմ իրավունքների եւ ազատությունների համար, հանուն սահմանադրական կարգի վերականգնման՝ բանտում կլինեմ, թե ազատության մեջ»,- ազդարարեց Նիկոլ Փաշինյանը, իսկ դահլիճը նրա հայտարարությունն ընդունեց ծափահարություններով:

Մեղադրող Հարություն Հարությունյանը սենսացիոն հայտարարություն արեց, թե ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների կատարումը պարտադիր չէ Հայաստանի ներպետական մարմինների համար՝ ուղղակիորեն ընդունելով բանաձեւերի պահանջների խախտման փաստը: Նա նաեւ անհիմն համարեց պաշտպանների միջնորդությունը եւ առաջարկեց մերժել այն:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, լսելով կողմերին, անորոշ ժամանակով ընդմիջում հայտարարեց եւ հեռացավ խորհրդակցական սենյակ: