Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա կինը՝ Քերին, իրենց հինգ ամսական դուստր Ռոմիի մկրտության գաղտնի արարողություն են կազմակերպել, հայտնում է Daily Mail-ը։

Հաղորդությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Վեսթմինսթերի տաճարում։ 2020 թվականին այստեղ են կնքել նաեւ աղջնակի եղբորը՝ Ուիլֆրեդին, որն այժմ երկու տարեկան է։

Ռոմի Այրիս Շառլոտ Ջոնսոնը ծնվել է 2021 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Լոնդոնի համալսարանի քոլեջի հիվանդանոցում։ Ինչպես հետագայում բացատրել է Բորիս Ջոնսոնը, Ռոմին իր անունը ստացել է վարչապետի մորաքրոջ՝ Ռոզմարիի պատվին: Երկրորդ եւ երրորդ անունները նույնպես պատահական չեն ընտրվել։

«Այրիսը հունարեն նշանակում է ծիածան»,- բացատրել է Ջոնսոնը: Շառլոտը վարչապետի մոր անունն է եղել։

Վեց շաբաթական հասակում Ռոմին կորոնավիրուսի վարակ է տարել, հաղորդվել է, որ հիվանդությունը ծանր է ընթացել։