Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) ԱԳ նախարարների 21-րդ նիստում, որը տեղի է ունենում Բաքվում, հայտարարել է,թե 2004 թվականից ի վեր Ադրբեջանը բավականին մեծ հաջողություններ է ունեցել: «Այս ընթացքում ուղղակի ներդրումները Ադրբեջանում կազմել են 30 միլիարդ դոլար: Աղքատությունը նվազել ու հասել է 13 տոկոսի: Բյուջեն աճել է 4 անգամ, մասնավոր հատվածն ավելացել է` 80 տոկոսով: Չնայած ճգնաժամին՝ ՀՆԱ տարեկան աճը կազմել է 8 տոկոս, իսկ 2010-ին կանխատեսվում է 9 տոկոսի աճ»,- ասել է նա:
Այնուհետեւ Մամեդյարովը պատմել է այդ տարիներին իրականացված էներգատեղափոխման եւ տարանցիկ նախագծերի, ինչպես նաեւ առաջիկայում իրականացվելիք նախագծերի մասին: Ըստ նրա, գազի «Շահ դենիզ» հանքավայրում մոտ ժամանակներս 20 միլիարդ դոլարի արտասահմանյան ներդրումներ կարվեն: Նա ընդգծել է, որ այսօր Ադրբեջանը իր էներգապաշարների տեղափոխման նոր ուղիներ է որոնում եւ այդ առումով իրեն հետաքրքրում են ՍԾՏՀԿ-ի հնարավորությունները: «Ադրբեջանը հետաքրքրված է ՍԾՏՀԿ-ի քարտուղարության արդյունավետության բարձրացմամբ` նոր տարածաշրջանային նախագծեր իրականացնելու համար»,- ասել է Մամեդյարովը:
Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող այս նիստին մասնակցում են նաեւ Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: ՍԾՏՀԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ալբանիան, Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Ուկրաինան եւ Ռուսաստանը:




























