Հայկական կողմը Թուրքիայի հետ բանակցություններում երբեւէ չի քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:
Մեկնաբանելով նախօրեին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը՝ Բալայանը նշել է. «Ինչպես նշվել է, մենք սկսել ենք այս գործընթացը այն փոխադարձ ընկալմամբ, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների: Հենց այդ ընկալմամբ ենք մենք սկսել բանակցությունները, վարել դրանք եւ հանգել համաձայնությունների, որոնք արտացոլված են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններում: Ըստ այդմ, կողմերը շարժվելու են այն դրույթներին համապատասխան, որոնք գրված են արձանագրություններում, որտեղ որեւիցե նախապայման նշված չէ, եւ մենք առաջ ենք ընթանալու արձանագրության դրույթների հետ համահունչ»:




























