WhatsApp-ի մասնագետները պատրաստում են շփման նոր գործառույթ, որը հայտնի է այլ մեսենջերներից։ Խոսքն արդեն ուղարկված հաղորդագրության տեքստի խմբագրման հնարավորության մասին է, տեղեկացրել է WABetaInfo պորտալը։
WhatsApp-ը ստեղծելու է նոր գործառույթ, որը թույլ կտա խմբագրել տեքստային հաղորդագրությունները, օրինակ՝ վրիպակը շտկելու համար։ Ինսայդերների կարծիքով՝ մեսենջերը չի ունենա խմբագրման պատմություն՝ ստուգելու համար խմբագրված հաղորդագրությունների նախկին տարբերակները։
Հնարավոր է, որ գործառույթը ստեղծողները սահմանափակեն հաղորդագրությունն ուղարկելուց հետո այն ժամանակը, երբ կարելի կլինի խմբագրել այն։ Օրինակ, Telegram-ը թույլ է տալիս դա անել ուղարկելուց հետո մի քանի ժամվա ընթացքում։
Գործառույթը նկատվել է Android-ի համար WhatsApp-ի հավելվածի բետա-տարբերակում, բայց ընկերությունում արդեն աշխատում են այն iOS-ի եւ անհատական համակարգիչների համար սոֆթում ներդնելու ուղղությամբ։ Չի տեղեկացվում, թե երբ գործառույթը հասանելի կլինի բոլորին։





























