Ադրբեջանը սպասում է Թուրքմենստանի հետ համաձայնագրի կնքմանը եւ Կասպից ծովի կարգավիճակի հստակեցման վերաբերյալ մերձկասպյան բոլոր երկրների մոտեցումների մերձեցմանը: Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը՝ ամփոփելով Կասպիական տարածաշրջանի անվտանգության քննարկումները:

«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ համագործակցության համաձայնագիր կկնքվի»,- հայտարարել է Խալաֆովը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը բոլոր առաջարկների հիման վրա համաձայնագրի նախագիծ է մշակել եւ ներկայացրել իր գործընկերներին, իսկ այսօր եւ վաղը նախատեսված է դրա քննարկումը:

«Ավելի մեծ թվով երկրների ներգրավումը տարածաշրջանի հետ կապված հեռանկարներն ավելի գրավիչ է դարձնում: Տարածաշրջանում ծրագրվող բոլոր նախագծերն իրականանալու են»,- հավելել է Խալաֆովը:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվում տեղի է ունեւնում Կասպից ծովի անվտանգության հարցերի համաժողովը մերձկասպյան երկրների փոխարտգործնախարարների մասնակցությամբ: սակայն, արտգործնախարարների մասնակցությամբ գագաթնաժողովը, Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիի խոսքերով, դեռ հետաձգվում է: