Ռուսաստանցի գերծանրքաշային Նիկոլայ Վալուեւը, ով ներկա էր անցած հանգստյան օրերին աշխարհի նախկին չեմպիոն միջինքաշային հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ Ժերմեյն Թեյլորի միջեւ կայացած մարտին, նշել է, որ Աբրահամը հաղթելու կամք ցուցաբերեց, տեղեկացնում է REGNUM գործակալությունը։

«Արթուրն այս մարտում հաղթելու կամք ցուցաբերեց։ Կամային որակներն ի հայտ են գալիս հատկապես վերջին ռաունդների ընթացքում, եւ Աբրահամին հաջողվեց 12-րդ ռաունդում՝ տառացիորեն մարտն ավարտվելուց 10-15 վայրկյան առաջ, վճռական հարված կատարել։ Կեցցե՛ Արթուրը. փորձառու մրցակցի հետ մարտում նա հաղթելու կամք ցուցաբերեց եւ հեղինակավոր մրցաշարում երեք միավոր վաստակեց»,- իր պաշտոնական կայքէջում պատմել է Նիկոլայ Վալուեւը։

Հիշեցնենք, որ աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկների մասնակցությամբ Աբրահամ-Թեյլոր մարտն ընթացավ «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում։

Իր մյուս մարտը Աբրահամը կանցկացնի ԱՄՆ-ում հունվարի 23-ին Անդրե Դիրելլայի հետ, ով հոկտեմբերի 17-ին պարտություն էր կրել Կարլ Ֆրոխից։