Բրիտանացի հայտնի քանդակագործ Էնթոնի Գորմլին պատրաստվում է դառնալ Գերմանիայի քաղաքացի բրեքսիթի «ողբերգության» պատճառով, գրել է The Guardian-ը։

Հաագայի մոտ գտնվող Վուրլինդեն թանգարանում իր գործերը ներկայացնելով՝ Գորմլին, որը կիսով չափ գերմանացի է, ասել է, որ Եվրոպայից Մեծ Բրիտանիայի հեռանալու պատճառով առաջացած ուժեղ զգացողությունը իրեն ստիպել է գերմանական քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնել։

«Ինձ վրդովեցնում է բրեքսիթը, դա գրեթե աղետ է, դավաճանություն իմ ծնողների, տատերի եւ պապերի այն զոհողությունների հանդեպ, որ նրանք մատուցել են հանուն Եվրոպայի ստեղծման։ Սա ողբերգություն է»,- ասել է Թերների մրցանակի դափնեկիրը, «Հյուսիսի Հրեշտակ» քանդակի հեղինակը Վասենաարում (Նիդեռլանդներ) իր ցուցահանդեսի բացման ժամանակ։

71-ամյա արվեստագետը սպասում է, որ նոր անձնագիրն ստանալու է հաջորդ ամիս, նրա մայրը գերմանուհի է։ Գորմլին ավելացրել է, որ, իր կարծիքով, բրիտանացի շատ առաջատար քաղաքական գործիչներ չեն ծառայում երկրի շահերին։ «Բրիտանիան հայտնվել է շահախնդիր մարդկանց ձեռքում, որոնց հետաքրքրում է ոչ թե պետական ծառայությունը, այլ իրենց անձնական կարիերան, եւ դա խայտառակություն է»,- ասել է նա։

Քանդակագործի որոշումը ի նշան Brexit-ի դեմ բողոքի եվրոպական քաղաքացիություն ստանալու աղմկալի հայտերի շարանում վերջինն է։ Նկարչուհի Քորնելիա Փարկերը նույնպես գերմանական անձնագիր ստանալուն է սպասում։

Ինչպես եւ Գորմլին, նկարչուհին կիսով չափ գերմանուհի է եւ ԵՄ-ին անդամակցության մոլի կողմնակից։

Անցած ամիս արտ-դիլերները նախազգուշացրել էին, որ Մեծ Բրիտանիայի հեղինակությունը՝ որպես առեւտրի կենտրոնի, նվազում է, քանի որ հայտնի է դարձել, որ արվեստի համաշխարհային շուկայում երկրի բաժինը անցած տարի նվազել է 3 տոկոսով եւ հասել ամենացածր մակարդակին վերջին տասնամյակի ընթացքում։

HM Revenue and Customs-ի հրապարակած Art Basel/UBS հաշվետվության այս տարվա տվյալները արվեստի համաշխարհային շուկայի մասին նույնպես ցույց են տվել, որ 2020թ. Մեծ Բրիտանիա ներմուծվող արվեստի գործերի եւ հնաոճ իրերի արժեքը նվազել է մեկ երրորդով՝ 2019թ. համեմատ։

Կտրուկ նվազման գլխավոր պատճառը համարվել է բրեքսիթը, չնայած համավարակը նույնպես խոչընդոտել է առեւտրին։ Թղթարարությունը եւ ԱԱՀ վճարելու նոր պահանջը ԵՄ-ից Մեծ Բրիտանիա արվեստի առարկաներ ներմուծելիս՝ համարվում են հիմնական զսպող գործոնները։

Մինչեւ բրեքսիթը եվրոպացի արվեստագետները կարող էին առանց ծախսերի բերել իրենց գործերը՝ վաճառելու համար։ Հիմա նրանք պետք է վճարեն 5 տոկոսի հասնող հարկ։