34 մարդ է զոհվել Բանգլադեշում, ծովային կոնտեյներների պահեստում, կիրակի բռնկված հրդեհի եւ դրա պատճառով առաջացած հզոր քիմիական պայթյունի հետեւանքով, տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։
Զոհվածների թիվը կարող է ավելանալ, քանի որ ավելի քան 300 մարդ, ոմանք՝ լուրջ, վիրավորումներ է ստացել, իսկ ականատեսները տեղեկացրել են, որ տեսել են դիեր Չիտագոնգի խոշոր նավահանգստի պահեստի մոտ։
Մի քանի հարյուր փրկարարներ պայքարում են հրդեհի դեմ, որը բռնկվել է շաբաթ ուշ երեկոյան Սիթակունդում, որը 40 կիլոմետր հեռու է Չիտագոնգից, լրագրողներին տեղեկացրել են հրշեջ ծառայության ներկայացուցիչները։
Վիրավորների մեջ առնվազն 40-ը հրշեջներ են, 10-ը՝ ոստիկան, AFP-ին տեղեկացրել է Չիտագոնգի տարածքային ոստիկանության պետ Անվար Հոսեյնը։ Զոհվածների մեջ առնվազն հինգը հրշեջներ են։
Պահեստում ջրածնի երկօքսիդ էր պահվում, լրագրողներին ասել է հրշեջ ծառայության պետ, բրիգադի գեներալ Մայն Ուդինը։ «Մենք այդպես էլ չկարողացանք մարել կրակը այդ քիմիկատի առկայության պատճառով»,- ասել է նա։
Չիտագոնգի գլխավոր բժիշկ Չուդհուրն ասել է, որ վիրավորվածները շտապ հասցվել են շրջանի տարբեր հիվանդանոցներ, քանի որ բժիշկները վերադարձել էին հանգստից՝ օգնություն ցուցաբերելու համար։
Արյուն հանձնելու խնդրանք է ներկայացվել սոցցանցերում։
Կիրակի առավոտյան շտապօգնության բրիգադները դեռ շարունակում են հանգցնել կրակը, իսկ զինվորական կլինիկաներն օգնում են բուժել վիրավորներին։
Չիտագոնգի ղեկավար Մոմինուր Ռահմանն ասել է, որ կառավարությունը մոտ 200 զինծառայող է ուղարկել պահեստ՝ քիմիկատների արտահոսքը դեպի ծով կանխելու համար։




























